Եկեղեցի

ԿԵՉԱՌԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

«Ծաղիկների ձոր»-ի անգին զարդը Կեչառիս վանական համալիրն է (XI-XIIIդդ.), որը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան բարձունքում:

Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1033թ.-ին կառուցվել է Կամսարական տոհմի ժառանգորդ, Պահլավունյաց տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը։ Արտաքին հարդարանքը բավականին զուսպ է: Ընդարձակ կամարակապ դահլիճը պսակված է լայն գմբեթով, իսկ խորանի երկու կողմերում երկհարկանի ավանդատներ են: Քիչ հարավ գտնվում է գմբեթավոր Սբ. Նշան եկեղեցին (XI դ առաջին կես): Այն գլխավոր եկեղեցուց բաժանվում է մի քանի խաչքարներով: Մի խաչքար էլ պահպանվել է վանական համալիրի հարավային մասում գտնվող Կաթողիկե եկեղեցում (1203-1214թթ.),որը եկեղեցիներից ամենաշքեղն է: Փորագիր արձանագրության համաձայն` այս եկեղեցին կառուցվել է Վեցիկ ճարտարապետի կողմից` Վասակ Խաղբակյան իշխանի հրամանով: Սբ Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Նշան եկեղեցիների միջև պահպանվել է վանական համալիրի առաջին եկեղեցու հիմնադրի` Գրիգոր Մագիստրոսի գերեզմանի ավերակները:

Հայտնի զորապետ, գիտնական, բյուզանդացիների կողմից Միջագետքի, Վասպուրականի, Տարոնի և կայսրության այլ շրջանների զինվորական հրամանատար նշանակված Գրիգոր Մագիստրոսը մահացել է 1058թ: Մագիստրոսի մահից հետո այդ պաշտոնը ստանձնեց նրա որդին՝ Վահրամը (որը հետագայում դարձավ Հայոց կաթողիկոս՝ Գրիգոր II): Միջնադարում գերեզմանատան հարևանությամբ գտնվում էր համալսարան:
Վանական համալիրի չորրորդ` Սբ. Հարություն եկեղեցին (1220թ.), տեղակայված է հիմնական համալիրից որոշակի հեռավորության վրա: Կեչառիս վանքի վանահայրերից մի քանիսը թաղված են բարձրագմբեթ այս փոքրիկ ուղղանկյուն եկեղեցում:
1998-2001թթ. Ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով Կեչառիսի վանքն ամբողջովին վերականգնվեց և այժմ այն ծառայում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի:

 

Գնահատել
(10 )

Թողնել մեկնաբանութուն