Թանգարան

ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Օրբելի եղբայրները՝ Ռուբենը, Լևոնը և Հովսեփը` XII դ-ից հայտնի հայկական գիտության և մշակույթի նվիրյալների ժառանգներ են: Նրանց պապը՝ Հովսեփը, ավարտելով Մոսկվայի, Լազարյան հոգևոր ճեմարանը, ձեռնադրվել է Թիֆլիսյան եկեղեցու ավագ քահանա: Հայրը՝ Աբգարը (1849-1912թթ.), ով ավարտել էր Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նա ամուսնացած էր իշխանուհի Վ. Արղության-Երկայնաբազուկի հետ:
Աբգար Օրբելու ավագ որդին՝ Ռուբենը (1880-1943թթ.), շարունակեց հոր ուղին: Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտի դիպլոմ ստանալուց հետո` նա դարձավ ռուսական Սենատի վճռաբեկ հանձնաժողովի քարտուղար: Ավելի ուշ նա սկսեց զբաղվել ստորջրյա հնագիտությամբ: Պրոֆեսոր Օրբելին հանդիսանում է ստորջրյա հնագիտության հիմնադիրը և ստորջրյա տեխնիկայի լավագույն մասնագետներից մեկը:

Ծաղկաձորում ծնվել է եղբայրներից միջնեկը՝ Լևոն Օրբելին (1882-1958 թթ.): Սանկտ Պետերսբուրգի ռազմա-բժշկական ակադեմիան ավարտելուց հետո նա դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիոլոգ Ի.Պավլովի հետնորդը, ուսումնասիրելով կենդանիների բարձրագույն նյարդային համակարգը:
1942թ-ին Լևոն Օրբելին ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, այնուհետև ղեկավարեց Ռազմա-բժշկական ակադեմիան: Լևոն Օրբելին եղել է ԽՍՀՄ-ի և Հայկական ԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիաների իսկական անդամ:

Կրտսեր եղբայրը՝ Հովսեփը, (1887-1961թթ.), ևս ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը (պատմա-բանասիրական ֆակուլտետ): Դեռևս ուսանողական տարիներից նա մասնակցել է հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի հնագիտական պեղումներին, եղել է հայտնի արևելագետ- հայագետ Նիկողայոս Մառի աշակերտը: Երկար տարիներ Հովսեփ Օրբելին եղել է Լենինգրադի պետական Էրմիտաժի տնօրենը, իսկ 1943թ.դարձել է Հայկական ԽՍՀ-ի ԳԱ-ի առաջին նախագահը:

 

Գնահատել
(10 )

Թողնել մեկնաբանութուն