Տպել

Ծաղկաձորը քաղաք է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում՝ Երևանից 50կմ հյուսիս-արևելք, Ծաղկունյաց լեռների հարավ-արևելյան մասում գտնվող գեղատեսիլ հովտում, ծովի մակարդակից մոտ 1800 մ բարձրության վրա: Արևմուտքից արևելք Ծաղկաձոր քաղաքը հատում է համանուն գետը, որն էլ թափվում է Մարմարիկ գետի մեջ (Հրազդանի վտակ): Քաղաքի պատմական անվանումն է Կեչառիս։

Ծաղկաձորում ձմեռը մեղմ է՝ ձյան տեսքով զգալի տեղումներով: Դա ապահովում է մինչև 1,40 մ ձյան ծածկը։ Ծաղկաձորի կլիման առողջարար է ինչպես մարզիկների, այնպես էլ հանգստացողների համար: Տեղի օդը շատ օգտակար է օրգանիզմի համար, այդ պատճառով զբոսաշրջիկները գնում են ոչ միայն դահուկային, այլ նաև էկոլոգիական տուրեր դեպի Ծաղկաձոր։ Դեռ խորհրդային տարիներին, միջազգային մրցումներից առաջ, մարզիկները մարզվում էին Ծաղկաձորում: Այսօր էլ Ծաղկաձորը գրավում է օտարերկրյա ու տեղաբնակ մարզիկներին:

Ծաղկաձորը սիրված է ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային զբոսաշրջության համար: Ամռանը կարող եք զբաղվել ժայռամագլցմամբ, հեծանվավազքով, լեռնային տուրիզմով, արտաճանապարհային սաֆարիներով։ Քաղաքում և նրա շրջակայքում կան մի շարք հյուրանոցներ, քոթեջներ, ռեստորաններ և սրճարաններ:

Ծաղկաձորի հյուսիս-արևմտյան մասում կանգնած են հինավուրց Կեչառիս վանական համալիրի եկեղեցիները, իսկ դրանցից մի փոքր հեռու՝ փոքրիկ Սուրբ Հարություն եկեղեցին: Նրանք շրջապատված են բազմաթիվ հնագույն գերեզմանաքարերով:

Կեչառիս վանական համալիրը XIII-XIII դարերում եղել է Հայաստանի խոշոր հոգևոր կենտրոն՝ կից դպրոցով։