Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք-2013»–ի եզրափակիչ փուլի մրցումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա է գտնվել ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին, տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:


«Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթն անցկացվել է երեք փուլերով չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և Արցախի 144 ընտանիք:


Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները նախագահի կողմից ստացել են նաև մարզահագուստներ և հուշանվերներ:


«Շնորհավորում եմ մարզական ընտանիք մրցույթի բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին, ցանկանում, որ բոլորդ միշտ լինեք այդքան հաջողակ, ուժեղ և առույգ: Շնորհավորում եմ, իհարկե, բոլոր մասնակիցներին: Այստեղ տիրող տրամադրությունն ինձ հուշում է, որ Ծաղկաձորում հիմա օլիմպիական մթնոլորտ է: Ինչպես գիտեք, օլիմպիական կարգախոսն ասում է, որ կարևորը մասնակցությունն է, այլ ոչ թե հաղթանակը»,- ասել է Սերժ Սարգսյանը։


ՀՀ նախագահը, ուրախությամբ փաստելով այն հանգամանքը, որ Հայաստանում կան հազարավոր ընտանիքներ, որոնց անդամները կարևորում են առողջ ապրելակերպը, սիրում են մրցակցել, և որտեղ աճում է առողջ սերունդ:


Սերժ Սարգսյանը նշել է, որ մարդը չի կարող առանց ամուր և համերաշխ ընտանիքի լիարժեքորեն դրսևորվել, հետևաբար հասարակությունը, որի հիմքն առողջ և ամուր ընտանիքը չէ, ըստ նախագահի, չի կարող լավ ապագա ունենալ:


Գոհունակությամբ ընդգծելով այն փաստը, որ տարեցտարի մեծանում է մրցույթին մասնակցող ընտանիքների թիվը՝ 54 ընտանիքից հասնելով 2041-ի, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ թիվն էլ է պետք մեծացնել։


«Մենք պետք է ունենանք տասնյակ հազարավոր ընտանիքներ, բայց պետք է այդ շրջանակը ևս ընդլայնենք և հնարավորություն տանք, որպեսզի այս մրցույթին մասնակցեն նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները: Սա չափազանց կարևոր է, որովհետև այդ մարդիկ էլ են մեր հասարակության լիարժեք անդամները, և նրանց էլ է պետք հնարավորություն տալ իրենց կարողությունները ցուցաբերելու, իրենց մասնակցությունն ունենալու այս կարևոր միջոցառմանը»,– ասել է նա:


Հոբելյանական տասներորդ անգամ անցկացվող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի կազմակերպիչների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին հանձնվել է գավաթ՝ ի նշան երախտագիտության:

Աղբյուրը՝ Tert.am

 

Rate this item
(0 votes)

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.